Գլխավոր Լուրեր Միասնական քննություններից քանի դիմորդ է անբավարար միավոր ստացել

Միասնական քննություններից քանի դիմորդ է անբավարար միավոր ստացել

6716
0

Հայաստանում և Արցախում արդեն ամփոփված «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց լեզու և գրականություն» ու «Ֆիզիկա» առարկաների բուհեր ընդունելության միասնական քննություններից առավելագույն 20 միավոր է ստացել ընդհանուր 97, իսկ անբավարար՝ 644 դիմորդ: Միջին միավորների էական տատանումներ նախորդ տարվա համեմատ դեռ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը:

«Այս տարի «Աշխարհագրություն» առարկայի ընդունելության միասնական քննությանը մասնակցել է 136 դիմորդ: 11 հոգի կամ 8 տոկոսը չեն հավաքել անցողիկ միավոր: Միջինը միավորը կազմել է 13.49: 14 հոգի կամ 10,3 տոկոսը ստացել է 19-20 միավոր»,-ասաց Պարսամյանը:

Նույն առարկայից 4 հոգի վաստակել է 20 միավոր: Ի դեպ, նախորդ տարի ևս «Աշխարհագրություն» առարկայից առավելագույն միավոր էր ստացել 4 դիմորդ:

«Կենսաբանություն» առարկայի միասնական քննությանը Հայաստանում և Արցախում մասնակցել է ընդհանուր 578 հոգի: 84 դիմորդ կամ 14.5 տոկոսը ստացել են անբավարար: Միջին գնահատականը եղել է 14.3 բալը: 20 միավոր է հավաքել 43 դիմորդ՝ նախորդ տարվա 54 դիմորդի համեմատ:

«Համաշխարհային պատմություն» քննությանն այս տարի մասնակցել է 38 դիմորդ, որից 3-ը չի հավաքել անցողիկ 8 միավորը: Քննության միջին բալը եղել է 12.53-ը: 5 հոգի կամ 13,2 տոկոսը ստացել է 19-20 միավոր»,-ասաց Պարսամյանը: Ինչպես նախորդ տարի, այդ տարի ևս ընդամենը մեկ դիմորդ է այս առարկայից վաստակել առավելագույն 20 միավոր:

Իսկ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությանը ներկայացել է 2402 դիմորդ, որոնցից միավորի անցողիկ շեմը չի հաղթահարել 313 հոգի կամ 13 տոկոսը: Միջին բալը 12, 6 է եղել: 24 դիմորդ վաստակել է 20 միավոր, իսկ 192-ը՝8 տոկոսը ստացել է 19-20 միավոր:

«Ֆիզիկա» առակայի քննություն է հանձնել 882 դիմորդ: 233 դիմորդ կամ 26.4 տոկոսը անբավարար են ստացել: 25 հոգի ստացել է 20 միավոր, իսկ 88 հոգին կամ 10 տոկոսը՝ 19-20: 11.44-ը եղել է միջին բալը: Նախորդ՝ 2017 թ.-ին ևս այս առակայի միջինը միավորը ցածր էր՝11 բալ:

Պարսամյանի դիտարկմամբ՝ միջին միավորներն այս տարի նորմայի սահմաններում են: Նախորդ տարվա համեմատ լուրջ տատանումներ չկան: Հայոց լեզվից 12.6 միջին բալը նորմայի շրջանակում է, իսկ կենսաբանության 14.3 միջին բալը նույնիսկ բավականին լավ ցուցանիշ է: Նա նաև նշեց՝ այս տարի ևս լինում են քննությունների արդյունքների տարբեր տիպի բողոքարկումներ: Սակայն դրանց մեծ մասը ոչ թե բողոքներ, այլ ավելի շատ խնդրանքներ որոշակի դեպքերով պայմանավորված: «Օրինակ՝ ոմանք ասում են, որ դիմորդը պարզապես վատ է զգացել կամ ձևաթղթի մեջ պատասխանները սխալ է անցկացրել: Այնուամենայնիվ, ոչ մի նմանատիպ դեպքով պայմանավորված արտոնություն չի տրվելու: Քննության կարգը նախօրոք ընթերցվում է»,-ասաց Պարսամյանը:

Մասնագիտական հանձնաժողովը դիտարկում է բոլոր բողոքները: Եթե լինում են հիմնավոր պատճառներ, ապա գնահատականը վերանայվում ու փոփոխվում է: Օրինակ՝ երբ որևէ առաջադրանք ունենում է երկակի պատասխան, ապա դրանցից մեկն ու մեկն ընտրած ու միավոր չստացած դիմորդները ստանում են այդ միավորը: Փոխված գնահատականներով ցուցակները կրկին փակցվում են: Ցանկացած դիմումի պատասխանելու ժամկետը 5 օր է:

Միասնական քննությունները մեկնարկել էին հունիսի 8-ին: Հունիսի 19-ին կայացել է «Օտար լեզու» առարկայի միասնական քննությունը: «Մաթեմատիկա» առարկայի քննությունը կկայանա հունիսի 22-ին, «Հայոց պատմության» և «Քիմիա» առարկաներինը՝ հունիսի 25-ին: Իսկ վերջին՝ «Ռուսաց լեզվի» միասնական քննությունը կանցկացվի հունիսի 27-ին: