Գլխավոր Տնտեսական Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է նվազել առայժմ միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար

Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է նվազել առայժմ միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար

2438
0

Այսօր կառավարության նիստում վարչապետը խոսեց նաև էլեկտրաէներգիայի սակագնի ուսումնասիրության մասին: Նա էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հարցրեց, թե ինչ ուսումնասիրություններ են արվել:

Նախարարը պատասխանեց, որ շահագրգիռ կողմերի հետ արվել են քննարկումներ ու ուսումնասիրություններ` էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համատեքստում: Ըստ նախարարի` կան մի շարք խնդիրներ, որոնք չեն կարող հաշվի չառնվել: Խնդիրներից մեկը ատոմակայանի աշխատանքների ձգձգումն է, ընդ որում` այդ երկարաձգումը չունի նախադեպ. ատոմակայանը դեռ այդքան երկար ժամանակով կանգ չէր առել: Երկրորդ խնդիրը կապված է սահմանին գազի գնման դոլարի փոխարժեքի հետ: Փոխարժեքը կարող է տատանվել:

«Այս ռիսկերը հաշվի առնելով` գտնում ենք, որ այս պահին էլեկտրաէներգիայի սակագինը կարող ենք վերանայել անապահով ընտանիքների մասով: Նրանց թիվը 110 հազարից մինչև 120 հազար է: Այդ ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կարող է նվազել 10 դրամով»,- ասաց նախարարը:

Վարչապետն արձագանքեց ռիսկերի վերաբերյալ նախարարի խոսքին` ասելով, որ կա նաև այլ ռիսկ` այդ ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկը, չարաշահումները, անարդյունավետ կառավարումը և այլն: Նա առաջարկեց նախարարին` շարունակել այդ ոլորտում ուսումնասիրությունները և առաջիկայում կրկին զեկուցել, շարունակել քննարկումները, որպեսզի հնարավոր լինի էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել բոլորի համար: