Գլխավոր Լուրեր «ԵՊՀ Ռեստարտը» դասադուլի և գործադուլի կոչ է արել՝ ԵՊՀ ռեկտորի հրաժարականի, ՈՒԽ-ի...

«ԵՊՀ Ռեստարտը» դասադուլի և գործադուլի կոչ է արել՝ ԵՊՀ ռեկտորի հրաժարականի, ՈՒԽ-ի գործունեության կասեցման, ֆինանսական աուդիտ անցկացնելու պահանջներով

3453
0

ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությունը կոչ է անում ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին սկսել դասադուլ և գործադուլ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացման, Ուսանողական խորհրդի գործունեության կասեցման պահանջով։

Այս մասին Facebook կայքի իրենց էջերում գրել են «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանը։

Դավիթ Պետրոսյանը, մասնավորապես գրել է. «Հաշվի առնելով Մայր բուհի բազմաթիվ խնդիրները՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների և ուսանողների հետապնդումները քաղաքական հայացքների համար, բուհի-ի և նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը,

Հաշվի առնելով բազմաթիվ ուսանողների և դասախոսների բողոքները,

Հաշվի առնելով համալսարանում ուսանողների և դասախոսների շահերը պաշտպանող երկու կառույցների՝ ՈՒԽ-ների և արհմիության գործունեության ցածր արդյունավետությունը՝

ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությունը կոչ է անում երեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ին, ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին սկսել դասադուլ և գործադուլ հետևյալ պահանջներով:

1. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական
2. Հոգաբարձուների խորհրդի լուծարում
3. Ֆինանսական աուդիտի անցկացում
4. ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցում:

Հայաստանում տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, Հայաստանում տեղի է ունեցել մշակույթի և մտքի հեղափոխություն, և ԵՊՀ-ում տիրող և՛ մթնոլորտը, և՛ իրավիճակը չեն համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին և արժեքներին: Համապատասխանեցումը շատ արագ պետք է իրականացվի»:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանի գրառումը՝ ստորև.

«Ազատ ու անկախ ուսանողներն այլևս չեն ուզում տեսնել իշխանությունների առջև խոնարհվող ռեկտորի: Ընդհակառակը՝ նոր ռեկտորը պետք է լինի համալսարանի լսափողը, որն ուսանողների իրավունքների մասին կխոսի ամենաբարձր ամբիոններում՝ անհրաժեշտության դեպքում նաև դեմ գնալով այդ նույն իշխանություններին: Ինչպես տեսնում ենք Արամ Սիմոնյանի CV-ն չի համապատասխանում այդ նոր աշխատանքին:

Հարցազրույցի ժամանակ ռեկտորը նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, բայց այդ նույն զրույցի ընթացքում նաև ավելացրել է. «Յուրաքանչյուր փոփոխություն բարիք է բերում»: Փաստորեն Արամ Սիմոնյանը չի ուզում բարիք պարգևել ԵՊՀ-ին: Այստեղ գործում է Խորհրդային բանակի հին ու բարի տրամաբանությունը. «Չգիտես կսովորեցնենք, չես ուզում կստիպենք»: Ասվածի համատեքստում ուսանողությունը հնարավորություն է տալիս ռեկտորին առանց ավելորդ բարդությունների գնալ հանգստի, հակառակ պարագայում նրան սպառնում է վերջնական հեղինակազրկման ու տխրահռչակ փախուստի ճակատագիրը:

Վերջին ձևակերպումն ամենևին էլ շանտաժի ժանրից չէ և ոչ էլ հետհեղափոխական վհուկների որս: Պնդման հիմքում առաջին հերթին ընկած են Սիմոնյանի գործունեության մանրամասները, անարդյունավետ կառավարումը, անորակ կրթությունը, կոռուպցիոն գործարքները, ակադեմիական ազատության բացակայությունը, ԵՊՀ-ի կուսակցականացումը և այսպես շարունակ: Կոռուպցիոն գործարքների մասին չեմ խոսի, դրանց վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ «ԵՊՀ Ռեստարտի» հրապարակած նյութերում, որտեղ ներկայացված են համալսարանի զավեշտալի գնումներն ու անարդյունավետ ծախսերը:

Արամ Սիմոնյանը պնդում է, որ համալսարանը մշտապես զերծ է պահել կուսակցականացումից: Սա ակնհայտ սուտ է: Ես 2008 թ.-ից ԵՊՀ-ի ուսանող եմ և իմ աչքի առջև նրա կամակատարները բազմիցս ուսանողներին ստիպողաբար, հոտի պես տարել են ՀՀԿ-ի հավաքներին ու միջոցառումներին: Սա օդում կախված տեղեկատվություն չէ, կարող եմ անուններ ու մանրամասներ ներկայացնել: Իսկ հիմա չեմ հրապարակայնացնում՝ քանի որ հեղափոխությունից հետո այդ մարդիկ հնարավորություն են ստացել փոխել իրենց կյանքն ու աշխարհընկալումը: Հիշում ենք նաև 2013 թ.-ի իրադարձությունները:

Արամ Սիմոնյանը պետք է հեռանա, որովհետև նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում ԵՊՀ-ն որևէ առաջընթաց չի արձանագրել: Հետընթացն ու հետադիմությունը նրա միակ նվաճումներն են: Ընդամենը մեկ ամիս առաջ նրա հրահանգով համալսարանական մանր չինովնիկները խոչընդոտում էին ուսանողների ազատ կամարտահայտման իրավունքը՝ վախեցնելով էին ու սպառնալով նրանց:

Արամ Սիմոնյանն այն ռեկտորն է, որը մշտապես երես է թեքել ուսանողներից, չի նկատել նրանց «մանր» գոյությունը, ականջալուր չի եղել նրանց ձայներին: Ամիսներ առաջ նա հեգնում էր հացադուլ իրականացնող ուսանողին, ծաղրում էր պայքարողներին, իսկ հիմա իրավիճակի փոփոխության հետ համընթաց այդ նույն հացադուլ իրականացնողին ու պայքարողներին կանչում է քննարկման: Ահա արժեքային այս տիրույթում է գտնվում ռեկտորը՝ անսկզբունք ու բազմագույն:

Նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում Ուսանողական խորհուրդը կոլխոզի կարգավիճակ է ունեցել և այն աստիճան, որ Ուխ-ն հեղափոխությանը միանալու հայտարարությամբ հանդես եկավ միայն այն ժամանակ, երբ հեղափոխությունն արդեն իսկ հաղթել էր, մնացել էր ընդամենը հինգ րոպե: Այս բոլոր տարիների ընթացքում ռեկտորն ու նրա մանր-մունր օգնականները հարստացել են, իսկ դասախոսները՝ ցածր ու նվաստացուցիչ աշխատավարձեր ստացել:

Արամ Սիմոնյանը պետք է հեռանա, և ես սա ասում եմ ոչ թե որպես առաջին փոխվարչապետի մամլո խոսնակ, այլ որպես համալսարանական, Փիլիսոփայության և Հոգեբանության ֆակուլտետի ուսանող:

Ընկերներիս, հին ու նոր համալսարանականներին կոչ եմ անում միանալ ու պահանջել Արամ Սիմոնյանի հրաժարականը: Համալսարանը մերն է, մեր սեփականությունը, այսինքն՝ որոշողը մենք ենք»: