Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժողովուրդ». ՀՀ քաղաքացիների կողմից ներկրված աջ ղեկով մեքենաները հայ-վրացական սահմանին «գերի են...

«Ժողովուրդ». ՀՀ քաղաքացիների կողմից ներկրված աջ ղեկով մեքենաները հայ-վրացական սահմանին «գերի են ընկել»

1198
0

«Հոկտեմբերի 4-ից Հայաստանի քաղաքացիների կողմից ներկրված աջ ղեկով 130-ից ավելի մեքենաներ կանգնած են հայ-վրացական սահմանին:

Հիշո՞ւմ եք՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք որոշում կայացվեց աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելել: Երբ աղմուկ բարձրացավ, օրենքում որոշակի փոփոխություններ արվեցին՝ սահմանելով, որ 2018-ի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն է արգելվում Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, իսկ արդեն ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չէր արգելվում երկրի ներսում:

ՀՀ ազգային ժողովի մարտի 1-ի նիստում 61 կողմ ձայնով ընդունվեց «Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» հարցը: Թվում էր, թե խնդիրը կարգավորված է, բայց պարզվում է՝ ՀՀԿ-ն` իր ոճին հավատարիմ, քաղաքացիների թիկունքում դավեր է նյութել, և օրենքի նախագծի` երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու ժամանակ փոփոխություն է կատարվել և հանվել է նախագծից «ժամանակավոր» բառը:

Օրենքը մարտի 16-ին ստորագրվել է ՀՀ այլևս նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, որի համաձայն` ապրիլի 1-ից ընդհանրապես արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բաց թողնումը ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով: Սա ոչ այլ ինչ է, քան խաբեություն. Կառավարությունը, օրենսդիր մարմինը գործել են հասարակության թիկունքում՝ մարդկանց չտեղեկացնելով կատարված այդքան կարևոր փոփոխության մասին:

Ինչ խոսք, դա ՀՀԿ-ին հատուկ ձեռագիր է: Բայց այս իրավիճակում տարակուսելի է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պահվածքը, որը կոորդինացնում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: 1 ամիս 13 օր է` ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաները «գերի են մնացել» սահմանին, որոշ վարորդներ մինչև 800 ԱՄՆ դոլար արդեն տուգանք են մուծել այնտեղ կայանելու համար, բայց ՀՀ կառավարությունը խնդրին լուծում չի տալիս: Սա էլ անպատասխանատվության այլ դրսևորում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: