Գլխավոր Պաշտոնական Հայերը երբեք չեն մոռանա, երբ Դուք ողջունում էիք Սիրիայի մեր հայրենակիցներին. Սարգսյանը՝...

Հայերը երբեք չեն մոռանա, երբ Դուք ողջունում էիք Սիրիայի մեր հայրենակիցներին. Սարգսյանը՝ Թրյուդոյին

2226
0

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ձեր ընտանիքը: Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է: Մենք մշտապես գնահատել ենք Կանադայի ժողովրդի ու Կանադայի կառավարության ջերմ վերաբերմունքն այն հայերի նկատմամբ, ովքեր կարիքի մեջ են: Հայերը երբեք չեն մոռանա ձեր այն քայլը, երբ Դուք անձամբ ողջունում էիք Սիրիայի մեր հայրենակիցներին: Սրանք պարզապես լավ խոսքեր չեն, սրանք խորը գնահատանքի խոսքեր են: Այս մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ հոկտեմբերի 12–ին, հանդիպման ժամանակ։

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը բարի գալուստ է մաղթել Կանադայի վարչապետին Հայաստանի մայրաքաղաք եւ Ֆրանկոֆոնիայի ժամանակավոր մայրաքաղաք Երեւանում:

«Իհարկե, մենք մեծապես գնահատում ենք նաև այն, ինչ արել է Ձեր հայրը: Այն ժամանակ, երբ դուք այցելել էիք Հայաստան, դա երկրաշարժին հաջորդող ժամանակահատվածն էր, երկիրն անկախանալու շեմին էր: Սակայն դա նաև մի շրջան էր, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, որը դարձավ շարժում հանուն երկրի անկախության»,–ասել է Արմեն Սարգսյանը:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նշել է. «Ուրախ եմ վերադառնալ Հայաստան: Հաճելի է խոսել Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամության մասին, որն ունի լավ պատմություն, սակայն շատ ավելի մեծ ապագայի ներուժ»:

Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի համար հիանալի քաղաքական ժամանակահատված է, որը տանում է դեպի ավելի իրական, ավելի խորը ժողովրդավարություն, տնտեսական ավելի մեծ հնարավորություններ:

Կանադայի վարչապետը բարձր է գնահատել իր երկրի՝ հայկական ծագում ունեցող 60 հազար քաղաքացիների ներդրումը Կանադայի հաջողության պատմության գործում: Այն նաև ողջ աշխարհից մարդկանց ընդունելու դրական պատմության փայլուն օրինակ է, ինչը դրսևորվել է նաև մեր օրերում, երբ իր երկիրն ընդունել է սիրիացի փախստականների:

Կանադայի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Կանադան կկարողանան միասին ավելի ամուր ապագա կառուցել՝ նշելով, որ հայերը յուրահատուկ ժողովուրդ են, եւ աշխարհի որ անկյունում էլ լինեն, պահպանում են իրենց ազգային ինքնությունը, լեզուն ու մշակույթը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնոլոգիաների ոլորտներում: