Գլխավոր Իրավական ԱԱԾ-ն պարզել է. 10 տարի առաջ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման...

ԱԱԾ-ն պարզել է. 10 տարի առաջ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման պատվիրատուն Ալրաղացի Լյովիկն է

1675
0

Պարզվել է 10 տարի առաջ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման պատվիրատուն:

Այս առնչությամբ, ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը դեռեւս 2009 թվականին հանրությանն իրազեկել էր, որ բացահայտվել են «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի եւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցության անդամների կողմից մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը, որի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան, եւ 2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատեւ՝ մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկման։

Վերջին շրջանում իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանը, ով, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձեւավորված եւ ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը:

Հարձակումը դյուրին դարձնելու եւ ցանկալի արդյունքի հասնելու համար Լեւոն Սարգսյանը Արմեն Ավետիսյանի հետ անմիջական շփումներ ունեցած, նրա մոտ աշխատած եւ վերջինիս առանձնատան կառուցվածքին քաջատեղյակ իր ազգական Ս.Ղ-ի միջոցով ձեռք է բերել եւ խմբին տրամադրել առանձնատան մանրամասն գծագիրը` չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերի նշագրումներով: Ավազակային հարձակումից հետո Լեւոն Սարգսյանը գողոնից ընտրել եւ վերցրել է իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները:

Վերը նշված տվյալների հիման վրա հարուցված քրեական գործով 2018 թվականի հոկտեմբերին իրականացվել են խուզարկություններ Լեւոն Սարգսյանին պատկանող առանձնատանը եւ բնակարանում, որոնց արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, այդ թվում` ծալվող խզակոթով «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, փողատակային նռնականետ` իր նռնակներով, տարբեր տրամաչափի ավելի քան 4000 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական եւ պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն` այլ հանցագործություններում զենքի գործածված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով:

Քրեական գործով բավարար ապացույցների համակցությամբ, Լեւոն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու եւ հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Հաշվի առնելով, որ վերջինս տեւական ժամանակ բացակայում է ՀՀ-ից, եւ գտնվելու վայրը հայտնի չէ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մեղադրանք է առաջադրվել նաեւ Լեւոն Սարգսյանի ազգական Ս.Ղ-ին, վերջինս կալանավորվել է:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ անհետաձգելի քննչական գործողություններ, գործի համար կարեւորագույն նշանակություն ունեցող մյուս հանգամանքները, ինչպես նաեւ առնչակից այլ անձանց պարզելու ուղղությամբ: