Գլխավոր Լուրեր Միջազգային Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի

Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի

1602
0

Իրանում շաբաթ առավոտյան տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորվել է 53 մարդ: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով իրանական Press TV հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի և 20-ից ավելի վիրավորների մասին:

«Իրանի Իսլամական Հանրապետության ձայն» պետական հեռուստառադիոընկերությունը հարձակվողներին անվանել է թաքֆիրական ահաբեկիչներ: Այդ եզրույցը Իրանի իշխանությունները կիրառում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների նկատմամբ:

Երկրի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Ահվազում ահաբեկչության համար պատասխանատու են «ահաբեկչության տարածաշրջանային հովանավորները» և ԱՄՆ-ն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, անհայտ անձինք կրակ են բացել իրանական Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ: Նշվում է, որ ոչնչացվել է 2 գրոհային:

Այսօր զորահանդեսներ են անցկացվում Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում: Դրանք նվիրված են Սրբազան պաշտպանության շաբաթվան՝ հիշատակի միջոցառումներ, որոնք նվիրված են 1980-1988 թվականներին տեղի ունեցած իրանա-իրաքյան պատերազմին: