Գլխավոր Տնտեսական Հայաստանն ԱՊՀ երկրների թվում աղքատության մակարդակով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը. զեկույց

Հայաստանն ԱՊՀ երկրների թվում աղքատության մակարդակով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը. զեկույց

2027
0

Tert.am-ը գրում է․

Աղքատության ազգային շեմից ցածր պայմաններում ապրող Հայաստանի բնակչության մասնաբաժինը կազմել է 29,4 տոկոս: Այդ մասին ասված է ԱՊՀ վիճակագրական հանձնաժողովի կազմած «ԱՊՀ տարածաշրջանում կայուն զարգացման նպատակների ցուցանիշների մոնիթորինգ» զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանն աղքատության մակարդակով 2016 թվականին ԱՊՀ երկրների թվում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Աղքատության մակարդակով առաջին հորիզոնականում է Տաջիկստանը՝ 30,3 տոկոսով, իսկ երրորդ տեղում է Ղրղզստանը՝ 25,4 տոկոսով:

Ղրղզստանին, որը 2015 թվականին աղքատության մակարդակով առաջ է եղել Տաջիկստանից, մեկ տարվա ընթացքում հաջողվել է կրճատել աղքատ բնակչության թիվը 6,7 տոկոսով:

Հայաստանը 2015 թվականի համեմատ կրճատել է աղքատության ցուցանիշը 0,4 տոկոսով. 2015 թվականին աղքատության շեմից ցածր պայմաններում էր ապրում Հայաստանի բնակչության 29,8 տոկոսը:

Զեկույցում նշվում է, որ 2016 թվականին Հայաստանում աղքատության շեմից ցածր է ապրել տղամարդկանց 28,5 տոկոսը, կանանց՝ 30,2 տոկոսը:

2015 թվականին աղքատության շեմից ցածր ապրող Տաջիկստանի բնակչությունը կազմել է 31,0 տոկոս, 2016 թվականին թիվը կրճատվել է 1,3 տոկոսով:

Ադրբեջանում 2016 թվականին աղքատության շեմից ցածր պայմաններում է ապրում բնակչության 5,9 տոկոսը, 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել է 4,9 տոկոս:

Աղքատության համեմատաբար ցածր մակարդակներ են գրանցվել Ղազախստանում (2,6%), Ուկրաինայում (3,8%), Բելառուսում (5,7%):

Ռուսաստանում 2016 թվականին աղքատ բնակչությունը կազմել է 13,3 տոկոսը:

Մոլդովայի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի մասին տվյալները բացակայում են:

Աղքատության ազգային շեմի համաձայն՝ աղքատ են համարվում անձինք, որոնց եկամուտները ցածր են երկրում պաշտոնապես հաստատված սահմաններից: